ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել էր ROTOBO ճապոնական ընկերակցության ներկայացուցչությանը

02/10/2024

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ճապոնական ընկերակցության (Japan Association for Trade with Russia and NIS, ROTOBO) տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի (Miki Wajima) և Մոսկվայի գրասենյակի ղեկավար Նաոյա Հասեյի (Naoya Hase) հետ։

Ռուսաստանի և նորանկախ պետությունների տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիման նախ ներկայացրեց ընկերակցության գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ-ի միջնորդությամբ Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանցի (Network for Investment Environment Improvement) ստեղծման նախապատրաստական աշխատանքները: Վերջինս կծառայի երկու երկրների միջև գործարար միջավայրի բարելավմանը:

ROTOBO ընկերակցությունը ճապոնական խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեության  նպատակն է ընդլայնել առևտրային և ներդրումային հարաբերությունները Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության նորանկախ երկրների հետ:

Համագործակցության շրջանակներում գործընկեր երկրներում հիմնվում են քարտուղարություններ:Բացի քարտուղարությունից, ճապոնական կողմի կազմում են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, գործընկեր երկրներում Ճապոնիայի դեսպանությունները, Ճապոնիայի արտաքին առևտրի զարգացման կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), երկկողմ տնտեսական համագործակցության հանձնաժողովներ և այլն։

Երկրների միջև համագործակցության շրջանակը ներառում է՝ բիզնեսի առաջխաղացման ուժեղացում տարբեր գործունեությունների միջոցով, ինչպիսիք են բիզնես միջոցառումների կազմակերպումը, ներառյալ ֆորումները և սեմինարները, ցուցահանդեսներին մասնակցելը, բիզնես առաքելությունների պատվիրակումը կամ հյուրընկալումը և այլն:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը կարևորեց համագործակցության առկա հնարավորությունների ճիշտ գնահատումը և կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը, ոչ միայն առցանց, այլև անմիջական շփումների միջոցով։

Համագործակցության շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԱՊ-ի և ROTOBO ընկերակցության միջև:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է ROTOBO քարտուղարությունը Հայաստանում: Համագործակցության ծրագրի հարցերով պատասխանատու՝ Իրմա Դպիրյան, info@armcci.am, irma.dpiryan@armcci.am: